BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Երբ քաղաքականությունը դադարում է քաղաքականություն լինելուց

Երբ քաղաքականությունը դադարում է քաղաքականություն լինելուց
09.12.2014 | 14:44

Հայաստանի լիբերալ կուսակցությունը, որի միակ հրապարակային գործիչ ու ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը տևական ժամանակ լռում էր, նույնպես միացել է եռյակի շարժմանը, որը վերջնականապես կաբինետային է դարձել, բայց, չգիտես ինչու, անվանվում է համաժողովրդական:

Դեռևս կոմունիստական շրջանից՝ պարոն Հովհաննիսյանը պետական ծառայության ու քաղաքական գործունեության հարուստ փորձ ունի, ու գոնե ես նրան չէի ուզենա տարրալուծել մյուս միացողների մեջ, ովքեր ակնհայտորեն գիտակցված քաղաքական մոտիվներ չունեն: Սակայն հիասթափությունս մեծ եղավ, երբ ծանոթացա լիբերալ կուսակցության առաջնորդի հարցազրույցին, որը, քաղաքական տեսանկյունից, ադեկվատ չէր ու իրականության հետ քիչ առերեսվող:
«Ես, իսկապես, բավական խոր անալիզ անելով, եկա եզրակացության, որ իսկապես այս նոր ձևավորվող համաժողովրդական շարժումն իրականում երկրում կարող է հանգեցնել լուրջ համակարգային փոփոխությունների, և այդ համոզմունքով միացա համաժողովրդական շարժմանը»,- ասում է Հովհաննիսյանը: Առնվազն զարմանալի է, որ փորձառություն ունեցող գործիչը համակարգային փոփոխություններ է ակնկալում դրա սեգմենտներից մեկից ու անտեսում է այն ակնհայտ հանգամանքը, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայաստանյան քաղաքական դաշտում գրեթե երկվորյակներ են՝ իրենց արժեհամակարգով, վարքագծով, մենթալիտետով: Կրկնակի զարմանալի է այն հանգամանքը, որ եվրաասոցացումը զարգացման հրամայական համարող քաղաքական ուժի ներկայացուցիչը համակարգային բարեփոխումների ակնկալիք ունի այն ուժերից, որոնք իշխանության հետ համերաշխ՝ երկիրը տանում են դեպի ԵԱՏՄ:
Հարցազրույցի մեկ այլ դրվագում, ԼԿ նախագահը բացահայտում է, որ եռյակին միանալու իր շարժառիթը նույնպես քաղաքական կամ գաղափարական չէ ու մյուս միացողների նման՝ նա ևս զբաղված է կոնկրետ մարդու PR-ով: «Ես այդ շարժմանը միացել եմ նրա համար, որ ամենամեծ վստահությունն ունեմ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Եթե Գագիկ Ծառուկյանը չլիներ, ես շարժման մեջ չէի մտնի: Հավատացեք՝ ես շատ մեծ վստահություն և հավատ ունենալով, որովհետև խնդիրները, որոնք Գագիկ Ծառուկյանն իր առաջ դրել է, լուծվող խնդիրներ են, իսկ նա էլ մինչև վերջ գնալու է»,-ասում է Հովհաննիսյանը:
Իսկ հարցազրույցի ավարտին, տպավորությունն ավելի տխուր է դառնում, որովհետև ԼԿ նախագահը կարծես ինչ-որ մեկին՝ ընթերցողին, իրեն կամ եռյակին, հեգնում է: «Շարժման մեջ խոր դեմոկրատիա կա»,- ասում է նա ու դադարում ես հարցազրույցը կարդալ, որովհետև դրա մյուս դրվագների արժանահավատությունն արդեն լուրջ կասկածներ է ծնում:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1179

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ